Ապրիլի մեկին Իրանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին ժամանել է Բաքու, որտեղ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սանաին Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Փեզեշքիանի ողջույնի բանավոր ուղերձը, իր հերթին Ալիևը նրան խնդրել է նույնը փոխանցել Իրանի նախագահին:
Ալիևը գոհունակություն է հայտնել իրանա-ադրբեջանական վերջին շփումներից, կարևորել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերի քննարկման հնարավորությունը: Սանաին ընդգծել է, որ Իրանը և Ադրբեջանը կապված են ընդհանուր պատմությամբ, դավանանքով և մշակույթով:
Չափազանց ուշագրավ է Իլհամ Ալիևի բնորոշումը, որ Ադրբեջանը և Իրանը նույն սկզբունքներն են դավանում: Կողմերը կարևորել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նշանակությունը, քննարկել նաև Արաքսի վրայով Ադրբեջան-Իրան ուղեանց կամրջի շինարարության ավարտի հետ կապված հարցեր:
Անշուշտ, պարզամտություն կլիներ հավատալ, որ Իրանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը Բաքու է մեկնել, որպեսզի Իլհամ Ալիևից հաճոյախոսություններ լսի և փոխադարձի կամ քննարկի միայն Աղբենդում Ադրբեջան-Իրան ուղեանց կամրջի կառուցումն ավարտին հասցնելու հարցը:
Մեհդի Սանաին Բաքու է գործուղվել մի փուլում, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուղղակի բանակցություններ սկսելու առաջարկությունը Թեհրանի կողմից փաստացի մերժվել է: Ըստ տեղեկությունների՝ մարտի 31-ին Իրանն իր հրթիռային համակերգերը բերել է թիվ մեկ մարտական պատրաստության: Արևմտյան փորձագետները Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու հավանականությունը գնահատում են «հիսուն-հիսուն»:
Այս իրավիճակին նախորդել է Թուրքիայի և Իրանի նախագահներ Էրդողանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցը: Նույն օրը կայացել է նաև Էրդողան-Ալիև հեռախոսազրույց, որի ընթացքում Թուրքիայի նախագահը երկու անգամ շեշտադրել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է մնան «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի շրջանակներում:
Երկու օր անց կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, ինչին անմիջապես հաջորդել է Մեհդի Սանաիի Բաքու այցը: Դժվար չէ նկատել, որ անցած օրերին Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը գտնվել են «մաքոքային դիվանագիտության» ռեժիմում: Տպավորություն է, որ Ադրբեջանն իրոք այս փուլում շահագրգռված չէ Իրանում կամ նրա շուրջ իրավիճակի սրմամբ:
Ո՞րն է Ալիևի «պարսկական մոտիվների» աշխարհաքաղաքական ենթատեքստը, բավական բարդ է կռահել: Հնարավոր է՝ նրա դիրքորոշման վրա միաժամանակ մի քանի գործոններ են ազդում, բայց առաջնահերթը, կարծես, Իսրայելի նկատմամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի արմատական տրամադրվածությունն է: Ռամադանի պահքի ավարտի կապակցության «գոհունակության աղթքից» հետո Էրդողանը բարձրյալին խնդրել է, որ ոչնչացնի սիոնիստական Իսրայելը:
Նման կոչը բնորոշ է Իրանի բարձրաստիճան հոգևորականությանը: Ադրբեջանում, ընդհակառակը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեսպանատան մոտ հարգանքի տուրք են մատուցել ՀԱՄԱՍ-ի հարձկման հրեա զոհերի հիշատակին: Ապրիլի 1-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Իրանը դավանում են նույն սկզբունքները: Ի տարբերություն Իրանի՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է:
Բայց աշխարհաքաղաքական առկա իրավիճակում Ադրբեջանին ձեռնտու է հնարավորինս դիստանցավորվել իսրայելա-ամերիկյան «հակաիրանական կոալիցիայից»: Դա նաև անվտանգային խնդիր է լուծում: Իհարկե, Ալիևը փորձելու է լոյալության դիմաց Իրանից այլ հարցերում աջակցություն ստանալ կամ զիջումներ կորզել: Ուշագրավ է, որ թուրք-իրանա-ադրբեջանական «հեռախոսային դիվանագիտության» միջակայքում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին այցելել է Հայաստան և վերահաստատել, որ Թեհրանը տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխելիության ջատագովն է: