Իրանը իրավունք է վերապահում արձագանքել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ եւ կոշտ արձագանքելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ցանկացած ագրեսիայի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երկուշաբթի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում: 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը եւ չի ձգտում սրացման: Այնուամենայնիվ, մենք վճռականորեն զգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ մեզ իրավունք ենք վերապահում արագ եւ կոշտ արձագանքելու ԱՄՆ-ի կամ նրա ենթակա իսրայելական ռեժիմի կողմից մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում: ԱՄՆ-ը լիակատար պատասխանատվություն է կրում ցանկացած թշնամական գործողության հետեւանքների համար»,- ընդգծել է դիվանագետը: 

Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթից պատրաստվում է Թեհրանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելու, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցվի: Նա սպառնացել է, որ գործարք կնքելուց լիակատար հրաժարվելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կկանգնի աննախադեպ ռմբակոծությունների առջեւ: 

Իր հերթին, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, հայտարարել է, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հնարավորությանը: Բայց, նրա խոսքերով, եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, ապա կստանա կոշտ պատասխան:

Leave a Comment