Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, թվում էր, որ գոնե շնորհակալ պիտի լինի, որ մյուս ընդդիմադիր ուժերը միանում են իրեն, որպեսզի դառնա քաղաքապետ: Բայց, զարմանալիորեն, ընկեր Վարդանիկի ախորժակն այնքան է բացվել, որ անգամ փոխքաղաքապետի պաշտոն չի ուզում զիջել մյուս ընդդիմադիր ուժերին: Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք, որ սիրվեք ձեզ ընտրող ու չընտրողների կողմից: «Վարդան Ղուկասյանը մի փոխքաղաքապետ չի ուզում տա իր ընդդիմադիր գործընկերներին, բա ո՞նց եք պատկերացնում իրեն միացողների վիճակը, երբ ինքը սկսի միանձնյա որոշումներ կայացնել: Եվ երկրորդ՝ նա չի հաղթել այս ընտրություններում եւ իրավունք չունի հաղթողի դերից խոսելու, հաղթել է ողջ ընդդիմադիր հատվածը, եւ նա այդ հատվածի մի մասն է ընդամենը», – փաստում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Իսկ Վ. Ղուկասյանն արդարանում է. «Փոխքաղաքապետի հետ կապված` ասեմ ձեզ, եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան փոխքաղաքապետը դառնում է քաղաքապետ։ Այ, էդ պահը կա, թե չէ, միանշանակ ես խնդիր չունեմ` աշխատելու հետ կապված»:
Մինչ բոլորի համակ ուշադրությունը Գյումրիի հետընտրական իրավիճակն է՝ կրկին կրքեր են բորբոքվել ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ շուրջ: Խորհրդարանում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է եղել վերջինիս հետ: Բանը հասել է նույնիսկ նրան, որ վիճաբանությունն ու գոռգոռոցները տեղափոխվել է խորհրդարանական միջանցք: Ի՞նչ է կատարվել իրականում, Նազարյանն այսպես է պարզաբանել. «Հանդիպմանը ներկա հերոսի հարազատը հարց ուղղեց ՔԿ նախագահ Պողոսյանին՝ ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն է։ Պողոսյանը հարցին, իմ կարծիքով, ինչ–որ այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասացի՝ եթե կարելի է պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը․ առաջին հերթին նրա մասին է, թե ինչ պետք է անենք մենք՝ պետությունը, եթե մի քանի անգամ ԴՆԹ թեստ անելուց հետո հաստատվում է, որ մարմինը պատկանում է այսինչ հերոսին։ Ի՞նչ անենք, եթե մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը։ Այդ ընթացքում մի քանի ծնողներ վրդովվեցին»: Գեղամ Նազարյանը զարմանք է հայտնում, որ թյուրընկալում է եղել, իսկ անհետ կորածների ծնողները բղավում էին. «Գործ չունես մեր զավակների հետ, մեր տղաների անունները չտաս»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ միշտ նման պատմությունների մեջ հայտնվում է հենց Գեղամ Նազարյանը:
Իսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վռնդված պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ աչքի է ընկել մտքի հերթական «փայլատակումով»: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրություններին, նա ո՛չ ավել, ո՛չ պակաս ասել է. «Գյումրեցիներն իրենց ընտրությունը կատարել են: Ինչ մնում է հնարավոր ելքերին, ամենահավանական ելքերից մեկն այն է, որ ենթադրում եմ՝ ՔՊ-ն կմիանա Մարտուն Գրիգորյանին, եւ քաղաքապետը կլինի Մարտուն Գրիգորյանը»: Ու զավեշտն այն է, որ լուրջ-լուրջ է խոսում: Ի՞նչ ասես, շնորհավոր ապրիլի 1: Կամ էլ, կարո՞ղ է սա Աղազարյանի միջոցով Նիկոլի կողմից արված առաջարկ է:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը