«Այլընտրանքային պատմություն» գալիք սերունդների համար

Բռնատեղահանված հարյուր քսան հազար արցախցիներից, համոզված եմ, շատերը  կվկայեն 2010-ականների ստեփանակերտյան շատ դառը, բայց բազմախոսուն հումորը. «Արդեն «Շուշիի ազատագրման համար» մեդալ ավելի շատ մարդ է ստացել, քան Շուշիի ազատագրման մասնակիցներն են եղել»: Արցախի անկումը, ահա, սկսվել է այդ փուլում, երբ հանրությունը սկսել է կասկածել ոչ միայն իշխանությունների ազնվությանը եւ անաչառությանը, այլեւ առաջին պատերազմի պաշտոնական պատմագրությանը, այդ «հիման վրա» մշակված քարոզչությանը:

Քանի՞ մարդ է արժանացել ոչ միայն այդ, այլեւ «Արիության» մեդալի, Մարտական խաչ շքանշանի, Արցախի հերոսի կոչման: Երբ բանակային «Մարտիկ» թերթի խմբագիր էի, ստանում էի ՊԲ հրամանատարի կողմից կառավարությանը ներկայացված որոշ փաստաթղթեր: Տպավորվել է մեկը. ըստ երեւույթին, կառավարությունը խնդրել էր, որ նա ներկայացնի մարտական մեդալների եւ շքանշանի արժանանալու, այսպես ասեմ՝ զինվորական չափորոշիչները: Այսինքն` մարտական ի՞նչ ձեռքբերումների համար զինվորականը կարող է պարգեւատրվել այս կամ այն շքնանշանով: Նշաձողն այնքան բարձր էր սահմանված, որ մտածեցի, թե պատերազմում այդ կարգի հերոսություններ գործած քանի զոհված եւ գործող սպա, շարքային կամ նախկին աշխարհազորային ունենք: Իսկ երբ արդեն պատգամավոր էի, մասնակցում էի նախագահի կողմից պետական պարգեւների շնորհման հանդիսությանը, ցավով համոզվեցի, որ ՊԲ հրամանատարի սահմանած չափորոշիչները «ծալել, գզրոցում փակել են»: Հակառակ դեպքում ՆԳ նախարարն առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշան, իսկ պատերազմը լուսաբանած լրագրողն «Արիության» մեդալի չէր արժանանա:

Բարոյական այդ աղետը կանխելու հնարավորություն կա՞ր:

Միանգամից պատասխանեմ՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ գերիշխող էր ոչ թե արժանիներին պատվելու, այլ պետական պարգեւի արժանանալու հիվանդագին մղումը: Ստեփանակերտում նաեւ պատմում էին, որ մայիսի 9-ի հերթական տոնակատարությանը Հայրենական մեծ պատերազմի վետերաններից մեկը, տեսնելով ՊԲ գեներալներից մեկի մեդալա-շքանշանազարդ մունդիրը, կծու հեգնանքով ասել է. «Վայ թե մարշալ Ժուկովն էդքան բան տեսած լինի»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայկական համալսարանի ուսանողներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկել է բանակը, քանի որ գեներալներին հարկադրել է զբաղվել ճաշարանի, ոչ թե «պոլիգոնի» հարցերով: Ճաշարանով զբաղվելու կոչված զինվորականներ բանակն ունի: Ոչ ոք չէր կարող զորամասի շտաբի պետին կարգադրել, որ հետեւի, թե ինչպես են զինվորները ելակ ուտում:

Պաշտպանության բանակի թվակազմը, կառուցվածքը 1995-2020 թվականներին շատ էական փոփոխությունների չի ենթարկվել, գուցե մեկ-երկու նոր զորամաս է ստեղծվել: Առաջին պատերազմից հետո ՊԲ-ն երեք գեներալ ուներ՝ Սամվել Բաբայան, Քրիստափոր Իվանյան եւ Անատոլի Զինեւիչ: Քառասունչորսօրյա պատերազմում Պաշտպանության բանակը քանի՞ գեներալ ուներ: Քսանհինգ տարում արցախյալ գեներալիտետը, երեւի, տասնապատկվել էր: Նույնը՝ ՆԳՆ-ում, ԱԱԾ-ում, դատախազությունում: Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետը գեներալ-լեյտենանտ է: Զինվորական նույն կոչումն ուներ Պաշտպանության բանակի հրամանատարը:

Նիկոլ Փաշինյանը, գուցե, բանակի կառավարման, սպառազինությունների ձեռքբերման, օպերատիվ եւ ռազմավարական կանխատեսումների հարցում թերացումներ ունեցել է եւ դեռ ունի, բայց ո՞վ կարող է հերքել ակնհայտը. Պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականությունը նաեւ ձեռնարկատեր էր, գործարար: 

Արցախի ողբերգությունը շուրջ քսան տարի առաջ ստույգ բնութագրել է Գեղամ Բաղդասարյանը. «Այդքան լավ խոսում են միայն մեռածի մասին»: Արցախի որեւէ պաշտոնյայի, զինվորականի մասին ցանկացած  քննադատական խոսք որակվում էր որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնել» եւ, իհարկե, հակադարձվում բաց կամ վատ թաքցված թշնամանքով:

Այդպես է սկսվել Արցախի անկումը: Մնացածը ժամանակի խնդիր էր՝ ե՞րբ կիջնի թշնամու հարվածը: Տառապալի սպասման քսան տարիներին ովքեր ճարպիկ են եղել, բարոյական արգելակների խնդիր չեն ունեցել, պարզապես «քերել են երկիրը»:

Ասում են՝ պատմությունից դասեր չենք առնում: Իսկ իրական պատմությունը գիտե՞նք: Մեր աչքի առջեւ կատարվածը քաղաքական գործչի «թեթեւ ձեռքով» կեղծվում է: Ինչի՞ց դասեր առնի գալիք սերունդը: Իրականությունը պղծողների պակաս, ցավոք, չկա:  Եզակիների պարտքն է՝ ամեն ինչ անել, որ գալիք սերունդները գոնե «այլընտրանքային պատմություն» ստանան:

Leave a Comment