Թրամփն Իլոն Մասկին շնորհակալություն է հայտնել՝ ԱՄՆ դաշնային կառավարությունում կտրուկ կրճատումների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել միլիարդատեր Իլոն Մասկին՝ իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավարման և դաշնային կառավարությունում կտրուկ կրճատմանն ուղղված ջանքերի համար, հաղորդում է NBC News-ը։
«Բոլորս ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ,-ասել է Թրամփը։ -Դուք իսկապես զոհաբերեցիր ձեզ։ Ձեզ հետ անարդար են վարվել, բայց այս երկրի մարդկանց մեծամասնությունը իսկապես հարգում և գնահատում է ձեզ։
«Ըստ իս՝ ինչ-որ պահի նա կցանկանա վերադառնալ տուն՝ իր ավտոմեքենաների մոտ», -ասել է Թրամփը հանդիպման ժամանակ։
Մասկն, իր հերթին, կատակել է, որ զոհաբերել է «իր ավտոմեքենաները»։
Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի գինը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել, իսկ վաճառքը՝ նվազել, քանի որ Մասկի վարչակազմի հետ փոխազդեցությունն անդրադարձել է ընկերության վրա։
Tesla-ի ավտոմեքենաները և դիլերային կենտրոնները ևս բազմիցս վանդալիզմի թիրախ են դարձել։ Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի վերաբերյալ վերջին հարցումները ցույց են տվել, որ Մասկի՝ DOGE-ի առնչվող գործողություններն, ընդհանուր առմամբ, ժողովրդականություն չեն վայելում։
NBC News-ի հարցումը ցույց է տվել, որ չափահասների 59%-ը բացասաբար է վերաբերվում Մասկին, մինչդեռ 41%-ը՝ դրական։
Ընտրողները մտահոգություն են հայտնել միլիարդատիրոջ մոտեցման վերաբերյալ կառավարության անարդյունավետության առնչությամբ, որը հանգեցրել է մի շարք պետական ​​​​գործակալություններում աշխատանքից զանգվածային հեռացումների և ֆինանսավորման կրճատումների։

Leave a Comment