Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ – պահանջարկ համամասնությունը։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ ամիսn ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլին հայկական դրամի համեմատությամբ արժևորվել է 23,7 %-ով և քանի որ կենդանի խոզերը ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, ապա նույնքան ավելացել է կենդանի խոզերի ներկրման ծախսերը, ինչը կենդանի խոզերի ներկրումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ։ Վերոնշյալ հանգամանքը զգալիորեն նվազեցնում է տնտեսավարողների շահագրգռվածությունը՝ կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում՝ խոզամայրերինը՝ շուրջ 1300-ով։
Այստեղից հետևում է, որ միայն 2025 թվականին հանրապետությունում պակաս կստացվի ավելի քան 28 հազ. խոճկոր կամ խոզի մսի ընթացիկ տարվա արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով (խոզի մսի տարեկան միջին ցուցանիշից շուրջ 10 %-ով պակաս)։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ներքին շուկայում կառաջացնի խոզի մսի դեֆիցիտ, որին կհաջորդի խոզի մսի գնաճ։
Այս հիմնավորմամբ է պայմանավորված Նախարարության առաջարկը։ Նախագիծը քննարկման է ներկայացվել ապրիլի 28-ին, վերջնաժամկետը՝ մայիսի 13-ն է։