Բացահայտվել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի հսկայական քանակի ապօրինի շրջանառություն. տեսանյութ


ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում, 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում:

Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար տուփ ծխախոտային արտադրանք։

Այս մասին հայտնում են ՊԵԿ հանրային կապերի բաժնից:

«Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է շուրջ 1400 շիշ ալկոհոլային խմիչք: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, իսկ մյուսը վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։ Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի և Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներով խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթներ: Արդյունքում, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքով զբաղվող անձանց առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։

20 դեպքով հսկիչ գնմամբ ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների: Դրանց եզրակացություններով հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքների մի մասը դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով։ Նկատի ունենալով, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող անձանց արարքը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ուստի հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով  նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Մեկ այլ դեպքով, օրերս ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից  հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ   թույլատրելի չափաքանակների շրջանակում պարբերաբար կատարված սահմանահատումներով ՀՀ տարածք են ներկվում ալկոհոլային խմիչքներ, դրանք պահեստավորում են Նոյեմբերյանում գտնվող ավտոտնակներից մեկում և նախատեսվում են այդ խմիչքները վերավաճառել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է ավտոտնակի հասցեն, որտեղից էլ հայտնաբերվել է 433 հատ մեկ լիտրանոց ապակյա շշերով «Նեմիրովսկայա» և «Ֆինլանդիա» ապրանքանիշերի օղիներ, որոնց վրա առկա չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշեր:

Պարզվել է, որ նշված օղիները պատկանում են ֆիզիկական անձ Հ․Ս-ին և ձեռք են բերվել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից՝ «Դյութի-ֆրի»-ից, և որ վերջինս արդեն մի քանի ամիս է զբաղվում է այդ եղանակով  օղիների տեղափոխմամբ և դրանց իրացմամբ: Վերջինիս նկատմամբ կազմվել է ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, իսկ օղիները վերցվել են՝ հետագա հետազոտումների նպատակով: Քաղաքացու արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար տարվում են աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

741 դիտում



Source link

Leave a Comment