Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում աննախադեպ կարկուտ է տեղացել

Շաբաթ օրը սեզոնին ոչ բնորոշ ուժեղ կարկուտ է տեղացել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ հեղեղելով ճանապարհները եւ վնասելով ափամերձ ձեռնարկությունները, հաղորդել է AFP-ն:
Կարկուտը տեղացել է գիշերը։
Ալեքսանդրիայի նահանգապետ Ահմեդ Խալեդ Հասանը բարձրացրել է զգոնության մակարդակը, շտապօգնության բրիգադներն աշխատել են ողջ առավոտ՝ մեքենաները հեռացնելու եւ փլատակների մաքրման համար:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տուժածներ չկան։ Եգիպտոսի Միջերկրական ծովի ափին փոթորիկները սովորական են ձմռանը, սակայն ԶԼՄ-ները գարնանային այս իրադարձությունն անվանել են «աննախադեպ»:
Գիտնականները զգուշացրել են, որ կլիմայի փոփոխության պատճառով էքստրեմալ եղանակը ավելի հաճախակի է դառնում, ինչը հանգեցնում է ինչպես երաշտի, այնպես էլ ինտենսիվ, անկանխատեսելի անձրեւների: Ալեքսանդրիան խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, տառապում է ափամերձ էրոզիայից, ծովի մակարդակի բարձրացումից եւ ամենամյա փոթորիկներից ու հեղեղումներից:
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ միջկառավարական հանձնաժողովի փորձագետների կանխատեսմամբ՝ երեք տասնամյակի ընթացքում Միջերկրական ծովում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մեկ մետրով:
Նույնիսկ ավելի լավատեսական կանխատեսումների դեպքում, մինչեւ 2050թ. ջրի մակարդակի 50 սանտիմետր բարձրացումը կհեղեղի Ալեքսանդրիայի 30 տոկոսը՝ տեղահանելով նրա վեց միլիոն բնակիչների քառորդ մասին եւ հանգեցնելով 195 հազար աշխատատեղի կորստի:
Իշխանությունները սկսել են հետեւանքների մեղմացմանն ուղղված ջանքերը:

Leave a Comment