Իտալիան իր բարեկամական ձեռքն է մեկնում Հայաստանին՝ ամրապնդելու երկկողմ դարավոր հարաբերությունները․ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտի

Հայաստանում Իտալիայի դեսպանության ղեկավարությունը մի քանի ամիս առաջ ստանձնած պարոն Ալեսսանդրո Ֆերրանտին առաջին անգամ այցելել է Արագածոտնի մարզ՝ Արուճի սուրբ Գրիգոր եկեղեցի։

Արագածոտրի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այցը ճանաչողական բնույթ է կրել, դեսպանը նաև ծանոթացել է «Միջազգային ամրաշինությունը «Մետաքսի ճանապարհին»» նախագծի շրջանակում Արուճի տաճարական համալիրի և ամրոց-դղյակի տարածքում իրականացվող պեղումների և գիտական աշխատանքների արդյունքներին։

Դեսպանի գլխավորած Իտալիայի պատվիրակությանը Արուճում դիմավորել են Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, գիտությունների ազգային ակադեմիայի, Ֆլորենցիայի համալսարանի ներկայացուցիչները, Արուճի բնակիչները, տեղի դպրոցի ուսուցիչները։

Ողջույնի խոսքում մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Արագածոտնի մարզը առանձնանում է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, և այդ ժառանգության մեջ բացառիկ տեղ ունի 7-րդ դարին թվագրվող Արուճի եկեղեցին, որը վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է։

Դեսպանն իր ողջույնի խոսքում նշել է, որ առաջին անգամ է այցելում Արագածոտնի մարզ և տպավորված է թե՛ մարզի գեղեցկությամբ, թե՛ մարդկանց ջերմ հյուրընկալությունից։ Նա ասել է, որ պատրաստ է Արագածոտնի մարզի հետ համագործակցության ընդլայնման և հատկապես «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն հանգույցում գտնվող պատմական Արուճ գյուղում զարգացման ծրագրեր իրականացնել։

Հանդիպումն ամփոփվել է երկուստեք գործակցությունն ամրապնդելու պայմանավորվածությամբ։

Leave a Comment