Իսրայելական ուժերը գնդակոծել են մարդասիրական օգնության բաշխման կենտրոնը Գազայում. զոհվել է առնվազն 15 պաղեստինցի

Առնվազն 15 պաղեստինցի է զոհվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահում մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ՝ իսրայելական տանկերից և հրաձգային զենքից կատարված գնդակոծության հետևանքով, հայտնում են բուժաշխատողներն ու տեղի բնակիչները։
Ռաֆահից տեղացի լրագրող Մոհամմեդ Ղարիբը BBC News-ին պատմել է, որ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ, երբ դրան մոտեցել են իսրայելական տանկերը և կրակ բացել ամբոխի ուղղությամբ։
Տեղացի լրագրողներն ու ակտիվիստները սարսափելի կադրեր են տարածել այն մասին, թե ինչպես են զոհվածների մարմիններն ու վիրավորներին էշեր լծած սայլերով տեղափոխում Ռաֆահի Ալ-Մավասի շրջանում գտնվող Կարմիր խաչի դաշտային հոսպիտալ, քանի որ փրկարարական ջոկատները, ըստ հաղորդումների, չեն կարողացել հասնել դեպքի վայր։

Leave a Comment