Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած Պզ մականվամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում կալանավորվել է Մերձավանում սպանություն կատարած անձը:

«Քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ղ.-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ առնվազն 7 փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից երկուսի ուղղությամբ՝ սպանելով Գ.Օ.-ին և փորձելով սպանել Ս.Բ.-ին:

Նույն ժամանակահատվածում Ա.Ղ.-ն մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ:

Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նշենք՝ հիշյալ Ա.Ղ.-ն Արմեն Ղազարյանն է, որը Մերձավանում առավել հայտնի է Պզ մականվամբ: Վերջինս կալանավորվել է փետրվարի 25-ին:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: 

Հիշեցնենք, որ այս գործով է նաև անցնում և կալանավորվել Է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, Փարաքարի ընտրություններում հաղթած և համայնքապետ դարձած Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:

Հիշեցնենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

205 դիտում

Leave a Comment