Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած աղետալի պայթյունի դեպքից:
Ըստ այդմ՝ ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով․ այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։
Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
«Հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ կինոլոգներով։
Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։
Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել ենք, 3 զոհերն էլ կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Առողջապահության նախարարությունից, հիշեցնենք, հայտնել են, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած. նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
278 դիտում