«Երկու տղամարդ անհետ կորած է: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա:
Այս մասին Ճամբարակում պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Ունենք երեք մահացած, երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին ծնված»,- նշել է մարզպետը:
Նա հայտնել է, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:
«Գնահատումները անելուց, վերջացնելուց հետո կներկայացնենք ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ի գործընկերներին: Գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել:
Ինչպես հայտնել ենք, կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
127 դիտում