Աննա Վարդապետյանը ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն  ընդունել է Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակությանը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովայի գլխավորությամբ։


Չեխիայի պատվիրակությունը նույնպես Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Չեխ գործընկերները կմասնակցեն նաև հուլիսի 1-ին կայանալիք միջազգային համաժողովին։


Աննա Վարդապետյանը ողջունել է չեխ գործընկերներին, ընդգծել Յանա Զեզուլովայի ներդրումը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի ստեղծման աշխատանքներում և նշել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:


Դատախազը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև գործող  փոխըմբռնման հուշագրի համատեքստում Հայաստանը Չեխիայի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում:


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իրավասու մարմիններին համագործակցության համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Չեխիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:


Չեխ գործընկերները, ի թիվս այլնի, հետաքրքրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում գործող օրենսդրական կարգավորումներով և ինստիտուցիոնալ մոտեցումներով:


 

Leave a Comment