Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փորձ է արվում։ Դրան էին ուղղված նաև խորհրդարանում իմպիչմենթին ուղղված քայլերը։ Հենց այս հարցի շուրջ է, որ ընդդիմադիրները որևէ համաձայնության չեն գալիս։ Այս ընթացքում քաղաքական դաշտում շրջանառության մեջ դրվեցին վարչապետի թեկնածուների անուններ, որոնց շուրջ, սակայն, չի ձևավորվում ընդդիմադիրների կոնսենսուս։ Հենց այս ընթացքում էլ իրավապահները հայտնեցին «հեղաշրջման պլան» կոչվող ծրագրի մասին, ինչին հաջորդեցին աղմկահարույց ձերբակալություններ։ Այս գործերով բոլոր կասկածվողները կալանավորվեցին երկու ամսով, ինչը նշանակում է, որ ամառվա երկու ամիսները կանցնեն քրեական գործի նախաքննության փուլում։
«Թեժ քաղաքական» ամռան խոստումները ներքաղաքական դաշտում դեռ մնում են խոստումների մակարդակում։ Իմպիչմենթի շուրջ ընդհանուր մոտեցումների բացակայությունից զատ՝ ընդդիմության շարքերում տարակարծություններ կան մեկ այլ հարցում ևս, այն է՝ գտնել վարչապետի միասնական թեկնածու։
Վերջին մեկ ամսում շրջանառվել է արդեն հնարավոր 4–5 թեկնածուի անուն․ հպանցիկ ակնարկներ եղան Սամվել Կարապետյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունների շուրջ։ Ապա Էդմոն Մարուքյանին վարչապետի պաշտոնում դիտարկեցին ՔՊ–ից հեռացված և անկախ պատգամավորի կարգավիճակ ստացած Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, թեև մինչ այդ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի մաս էին նաև հանրապետականները, հայտարարում էին, որ չեն պատրաստվում թեկնածու առաջադրել և իրենց ստորագրություններով կմիանան ցանկացած թեկնածուի, միայն թե իմպիչմենթի գործընթացը սկսվի։
Առաջին թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը, այս ընթացքում բացահայտումների անհրաժեշտություն զգաց․
«Ես ուղիղ եթերում զանգել եմ պարոն Սեյրան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին և պահանջել, խնդրել եմ հանդիպում այդ պրոցեսի համար։ Իրենք չեն հանդիպել։ Ուղիղ եթերում եմ զանգահարել, որ ժողովուրդը տեսնի, որ բոլոր քայլերն արված են, բայց խորհրդարանական ընդդիմությունը, ցեմենտ–բետոն արած, կանգնած է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերում»։
Վերջին օրերին շրջանառության մեջ դրվեց վարչապետի ևս մեկ թեկնածուի անուն։ Հոգևորականների ձերբակալման օրը՝ հանրային ընդվզման ֆոնին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարող է լինել ընդդիմադիր թևի վարչապետի թեկնածուն։ Ավելի ուշ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են 28 պատգամավորի ստորագրություններով միանալ իմպիչմենտի գործընթացին՝ առաջադրելով Աջապահյանի թեկնածությունը։ Հաջորդիվ, սակայն, հրապարակվեց հենց Աջապահյանի ձեռագիր հայտարարությունը, որով վերջինս հրաժարվեց այդ պրոցեսից՝ հորդորելով իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների թվում։ Ըստ այդմ էլ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ նախաձեռնությանը՝ բացառապես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի համաձայնության դեպքում։
Քննչական կոմիտեից սրբազանի հրապարակած գրության մասին պատմում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ասում է՝ կոմիտեում հնարավորություն են ունեցել 5 պաշտպաններով Միքայել սրբազանի հետ առանձին քննարկել անելիքները։
«Ես չգիտեմ մանրամասները, չգիտեմ՝ ինքը Էդմոն Մարուքյանի հետ մոտ է, մոտ չէ, ինչ են խոսել։ Այդ պահին քանի որ իշխանազավթման հրապարակային կոչի համար մեղադրում են Սրբազանին և զուգահեռ հրավիրում են իշխանության բարձրաստիճան պաշտոնի, մենք, կոնկրետ ես վտանգավոր կապ տեսանք, որ, ըստ քրեական գործի, կարող է խնդիր ունենալ։ Կարող է պաշտոնի առաջադրումն էլ բերեին, կապակցեին այս գործին»։
Այժմ հանրության ուշադրությունը սևեռված է ոչ այնքան իմպիչմենտի հնարավոր գործընթացի, որքան «Հեղաշրջման պլան» անվանումը ստացած ծրագրի բացահայտման վրա։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկություններով՝ ծրագրի բացահայտման համար իրավապահները ծախսել են երկար ժամանակ։ Պատգամավորը համոզված է, որ ԱԱԾ-ն գործին սկսել է հետևել դեռ հունիսի 18–ին պաշտոնից ազատված Արմեն Աբազյանի ղեկավարման շրջանում։
«Գաղտնալսումը մեկ կամ երկու օրվա գործ չէ։ Այս ամբողջն օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել, և ես համոզված եմ, որ սա կկանխի․․․ նման մտադրություններ ունեցող ցանկացած մեկի գլխում, եթե այսպիսի բան կա, այլևս չի լինի, որովհետև բոլորը հասկացան, որ ՀՀ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ վերահսկում է նման ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը»։
Ի դեպ, կալանավորված հոգևորականների փաստաբանները հաստատում են, որՄիքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը պահվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում։
Վերադառնալով թեմային․ վարչապետ Փաշինյանն ազգային անվտանգության ծառայությանն է ներկայացրել նոր ղեկավարին։ Այս կառույց իր այցի շրջանակում վարչապետն ընդգծել է երեք գործառույթ, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Հեղաշրջման պլան»–ի մասին խոսելիս նա անդրադարձել է նաև «ազդեցության գործակալների» հարցին։
«Այն մարտահրավերները, որոնց մենք հիմա առերեսվում ենք, հիբրիդային են։ հակահետախուզության գործառույթում մենք սովորաբար մենք սովորաբար հաշվի ենք առնում և արձանագրում ենք օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը։ Ընդ որում, վերջին տարիներին այս առումով աննախադեպ բացահայտումներ են եղել, որոնք, իհարկե, մի կողմից լավ է, որ բացահայտում ենք, բայց մյուս կողմից ամեն դեպքը խորը ցավ է պատճառում, որովհետև մենք առերեսվում ենք աներևակայելի իրավիճակների, որոնք մեր սովորական ընկալումների տրամաբանության մեջ չեն տեղավորվում»։
Խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այս շեշտադրումներն անում է նաև ընդդիմադիրների իմպիչմենտի ծրագրերի առնչությամբ․
«Մենք պետք է մեր ճակատագրի տնօրինումը վերցրենք մեր ձեռքը։ Տասնամյակներ և հարյուրամյակներ տարբեր կենտրոններ մեր ճակատագրի տնօրինումը պահել են սեփական գրպանի մեջ։ Մեր ճակատագրի հաշվին առևտուր են արել այլ երկրների հետ ու հետո, երբ իրենց առևտուրն ավարտել են, Հայաստանին որպես մանրադրամ վերադարձրել են կամ բաժանել են իրար մեջ։ Մենք, որպես ինքնիշխան պետություն, պետք է ասենք, չէ՞, մենք ենք մեր ճակատագրի տնօրինողը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և որոշ ուժեր, ավելի շատ ներկայացնում են այն պետությունների շահերը, որոնք ուզում են մեր ճակատագրի տնօրինումը խլել մեր ձեռքից, քան թե մեր պետության շահերը»։
Ուշագրավ է, որ թեև խորհրդարանն արդեն ավարտել է իր նստաշրջանը, բայց արտահերթ նիստերով դեռ քննարկվում են անավարտ մնացած հարցերը։ Սակայն դրանցում ներառված չեն ոչ ընդդիմության կողմից ձեռնարկված իմպիչմենթը, ոչ էլ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հանդեպ քրեական հետապնդման թույլտվություն ստանալու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը․ վերջինիս մասին նախագիծն ընդգրկված էր ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։