Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, գնահատելով ռուս-ադրբեջանական լարվածությունը, միանշանակ տեսակետ է հայտնում, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի անգամ երեք միլիոն ադրբեջանցիների Ռուսաստանից արտաքսմանը, բայց չպետք է «Ղարաբաղի հարցում լոյալության դիմաց Ռուսաստանին իքնիշխանության թեկուզ մեկ մասնիկ զիջի»: Այդ մասին նա ծավալուն գրառում է կատարել Facebook սոցիալական հարթակի անձնական էջում:
Նա, ֆորմալ առումով հանդիսանալով Իլհամ Ալիևի իշխանության քաղաքական հակառակորդ, նրան խորհուրդ է տալիս «լինել Իսմեթ Ինենյու»: Խոսքը Թուրքիայի երկրորդ նախագահի մասին է, որ կառավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետագա տարիներին: Նրա օրոք Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին, նվազագույնի հասցրել ԽՍՀՄ հետ առևտրա-տնտեսական և քաղաքական կապերը:
Հաջիբեյլին Իլհամ Ալիևին հորդորում է «վերականգնել Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը»: Նա գրեթե համոզված է, որ առկա իրավիճակում Եվրամիությունը «կբավարարվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու և քաղաքական դաշտի լիբերալացման որոշումներով»:
Հունիսի 30-ին Բաքվում «Sputnik Ադրբեջանի» երկու աշխատակցի որպես «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալների» ձերբակալությունը պաշտոնական Մոսկվան գնահատել է «ոչ բարեկամական քայլ»: Հասկացվում է, որ Եկետերինբուրգում կալանավորված էթնիկ ադրբեջանցիները կասկածվում են այլ երկրի հատուկ ծառայությունների օգտին ի վնաս Ռուսաստանի լրտեսության մեջ:
Ու՞մ նախաձեռնությամբ է բացահայտվել ռուս-ադրբեջանական լարվածությունը: Գյուլթեքին Հաջիբեյլին համոզված է, որ Ռուսաստանը «փորձում է երկաթե ճիրանների մեջ առնել Ադրբեջանը, որպեսզի վերականգնի ԽՍՀՄ-ը»: Կարելի է ենթադրել, Ուկրաինայի հատուկ ծառայություններն Ռուսաստանի իրենց գործակալական ցանցն ստեղծելիս օգտվել են ադրբեջանական «սփյուռքի» ծառայությունից:
Բայց ավելի արմատակն է հարց, թե ի՞նչ կընտրի Իլհամ Ալիևը, կգնա Ռուսաստանի հետ վտանգավոր ապահարզանի՞, Թուրքիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ կպաշտպանի Ադրբեջանի ինքնիշխանությու՞նը, թե հանուն դինաստիական իշխանության պահպանման Վլադիմիր Պուտինի հետ նոր գործարքի՞ կգնա:
Ադրբեջանը փակ երկիր է, հնարավոր չէ գոնե մոտավոր ճշգրտությամբ գնահատել, թե հանրային ի՞նչ տրամադրություններ են իշխում: Ալիևը պատրա՞ստ է հրաժարվել հակահայ քարոզչությունից և Հայաստանի նկատմամբ իրականում ռազմատենչ հռետորաբանությունից: Գաղափարա-քաղաքական այդ հենքի վրա է կանգուն նրա իշխանությունը: Ժողովրդավարացման, դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն ցանկացած քայլ հղի է իշխանություն կորցնելու վտանգով:
Այս իրավիճակը մարտահրավեր է նաև Հայաստանին: Ռուս-ադրբեջանական լարվածությունը, եթե բանը չհասնի Մոսկվայից Ադրբեջանի դեսպանի հետկանչմանը, կարող է լինել աշխարհաքաղաքական «մեծ խաղի նախերգանք»: Երևանում Իրանի դեսպանի հայտնի հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունեցող Galiber.az-ն Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիին հռչակել է «Ադրբեջանի գլխավոր թշնամի»: Ալիևն այնքան հիմար կամ արկածախնդիր չէ, որպեսզի միաժամանակ սրացման գնա թե Մոսկվայի, թե Թեհրանի հետ հարաբերություններում: Ալիևը կարող է խաղալ Իսմեթ Ինենյուի դերը, բայց գործել Մուստաֆա Քեմալի նման: Ըստ երևույթին, նա սպասում է Թուրքիայի նախագահի հրահանգավորմանը: Մոսկվայից Բաքվի կախվածությունը հաղթահարելու մի պայման էլ Գյուլթեքին Հաջիբեյլին համարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը: