Mastercard-ն ընդլայնում է սթեյբլքոինների իր համագործակցությունները

Mastercard-ը խորացնում է իր ներգրավվածությունը սթեյբլքոինների ոլորտում՝ համագործակցություններ սկսելով Paxos-ի, PayPal-ի (PYUSD) և Fiserv-ի (FIUSD) հետ՝ շարունակելով նաև աջակցել իր գործող սթեյբլքոին USDC-ի (համագործակցելով Circle ընկերության հետ) կիրառման զարգացմանը։

Mastercard-ը նպատակ ունի սթեյբլքոիններով վճարումների ծառայություններ ապահովել ավելի քան 150 միլիոն առևտրային կետերում՝ համագործակցելով MetaMask-ի, Binance-ի և այլ կրիպտոհարթակների հետ՝ դրամապանակների ինտեգրման համար։

Fiserv-ի հետ համագործակցության շրջանակում Mastercard-ը կկապի իր Multi-Token Network-ը (բազում թոկեններով ցանց) Fiserv-ի թվային ակտիվների հարթակին՝ օգնելով բանկերին և ֆինթեք ընկերություններին փորձարկել սթեյբլքոինների տարբեր կիրառությունները։ Բացի այդ, Mastercard-ը նաև թարմացնում է իր Move ծառայությունը՝ սթեյբլքոիններով հարմար և հեշտ փոխանցումներ ապահովելու համար։

Չնայած սթեյբլքոիններն առաջարկում են ավելի արագ միջազգային փոխանցումներ և իրական ժամանակում վարձատրություն, Mastercard-ը զգուշացնում է, որ դրանք չունեն քարտային ցանցերի կողմից տրամադրվող ենթակառուցվածքները։ Այդուհանդերձ, Walmart-ի և Amazon-ի պես մանրածախ վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունների աճող հետաքրքրությունը փաստում է, որ այլընտրանքային թվային վճարումների ծառայություններն արդեն ներթափանցում են առօրյա կյանք։

Leave a Comment