2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ ձերբակալվել է


ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը։

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նշված 7 անձինք ձերբակալվել են:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները, ՀՀ-ում մի խումբ անձինք, ներխուժելով Կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին:

Ըստ ՀՀ ազգային անվտանգության տարածած հաղորդագրության՝ գործադիր, օրենսդիր մարմինների շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձինք դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին, վնասել պետական գույքը, կատարել գողություններ և այլ գործողություններ: 

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ զանգվածային անկարգություններ իրականացրած անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել էին ընդդիմադիր ուժերի քաղաքական համախոհները, մասնավորապես՝ պարզվել էր, որ այդ անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅԴ անդամ կամ նրանց համախոհ հանդիսացող անձինք, Հայաստանի հանրապետական կուսակցության համախոհները, նախկին պատգամավորների օգնականները և այլք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

193 դիտում

Leave a Comment