Իմպիչմենթի գաղափարը կարելի է համարել քաղաքական դաշտում բնականոն դրսևորում. Պարույր Հայրիկյան

«Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ՝ պարզելու նրա տեսակետը այսօրվա ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ ընդդիմության անգործության եւ հնարավոր իմպիչմենթի գործընթացի, ինչպես նաեւ եկեղեցու թիրախավորման ու քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ։

«ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ԱՅԼԵՎ՝ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ»

— Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր պետք է ունենա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ համաժողովրդական արժեհամակարգային ճգնաժամի պայմաններում։ Արդյո՞ք իշխանությունն առաջնորդվում է եկեղեցուց հեռանալու քաղաքականությամբ։

— Նախ՝ սկսեմ նրանից, որ իշխանությունների վերաբերյալ չափազանց հապճեպ կամ հոդապաշտ գնահատականներ տալը ճիշտ չեմ համարում։ Այդ պատճառով էլ կխուսափեմ գնահատականներից, սակայն մի բան ակնհայտ է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չի կարող չվերաբերել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցուն։ Եկեղեցին մեր ժողովրդի մի մասն է, եւ, բնականաբար, չի կարող պարզապես «հանգստության» մեջ մնալ այն պայմաններում, երբ ժողովուրդը բազմակողմանի ճնշումների է ենթարկվում՝ բարոյական, քաղաքական, գաղափարական, մարդկային, իսկ առավել եւս՝ սոցիալական։
Այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որը հայտարարված է որպես սոցիալական եւ իրավական պետություն։ Եվ եթե նույնիսկ այն խնդիրները, որոնց ականատես ենք լինում, բոլորին ակնհայտ չեն, ապա դրանց վերաբերյալ եկեղեցու լռությունը կարող է մեկնաբանվել ոչ թե չեզոքություն, այլ նույնիսկ համաձայնություն կամ անտարբերություն։
Հատկապես, երբ խոսքն այն նախագծերի մասին է, որոնք վերաբերում են քաղաքացիների իրավահավասարությանը կամ սոցիալական արդարությանը։ Այդ թեմաների վերաբերյալ ոչինչ չասելը, դրանցից խուսափելը կամ դրանք թաքցնելը նշանակում է՝ այդ քաղաքականությանը չընդդիմանալ։ Իսկ դա արդեն նշանակում է որոշակի դիրքորոշում։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր երկրում ոչ միայն իրավական պետության սկզբունքն էապես վտանգված է, այլեւ՝ այդ վտանգները բնականաբար անդրադառնում են բոլորի վրա՝ այդ թվում՝ Եկեղեցու։ Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ Եկեղեցին կարող է մեկուսացված մնալ եւ չառնչվել այս գործընթացներին։

— Ո՞րն է Ձեր գնահատականն այսօրվա ընդդիմության գործունեության վերաբերյալ։ Կարո՞ղ են արդյոք նրանք ձեւավորել հանրության լայն վստահություն վայելող իրական հակակշիռ։ 

— Վստահություն ստանալու համար անհրաժեշտ է կամ ճիշտ ձեւով հասկանալ եւ ներկայացնել հանրային ցավի պատճառը՝ դրանով իսկ պատասխան տալով հասարակության ակնկալիքներին։ Օրինակ` ես ինչ-որ չափով աջակցել եմ որոշ ընդդիմադիրների ոչ թե նրանց արժանիքների համար, այլ որովհետեւ հասկանում էի, որ Սահմանադրության փոփոխությունը անթույլատրելի քայլ էր։ Սակայն հետո պարզ դարձավ, որ այդ ուժերը դա օգտագործեցին սեփական նպատակների համար՝ առանց հաշվի առնելու հանրային զգայունությունը։ Մենք դա տեսանք նախնական փուլում, մինչեւ այն պահը, երբ պարզ դարձավ, որ նրանք ընդամենը իշխանության գալու նկատառում ունեն։
Իշխանության եկած ընդդիմադիրներից շատերը մինչ օրս որեւէ արժեքային քայլ չեն արել։ Իսկ եթե ընդդիմությունն ուզում է վայելել վստահություն, ապա պետք է լինի նաեւ օրինակելի՝ ներկայացնելով անցած ճանապարհ, կատարած գործերը։ Մարդիկ պիտի հիշեն այդ ճանապարհը։ Այժմ մենք պետք է առանց անձնական շահերի՝ բոլոր ուժերով կենտրոնանանք հիմնական խնդրի վրա՝ գնահատենք եւ ընդունենք, որ մեր հասարակությունն ապրում է համազգային ճգնաժամի մեջ։ Խոսքն արդեն ոչ թե մասնավոր քաղաքական դաշտի, այլ պետականության ճակատագրի մասին է։
Ցավոք, նույնիսկ ամենակարեւոր հարցերի քննարկման ժամանակ ընդդիմությունը մոռանում է, թե որն է իր դերը։ Նրանք մոռանում են, որ քաղաքական ուժ են, որ պատասխանատվություն ունեն, ու դրա արդյունքում՝ չեն կարողանում ձեւակերպել հստակ նպատակադրումներ։ Սահմանադրության 30-ամյակին ես Ազատության հրապարակում հրավիրել էի ժողովրդին՝ հիշեցնելու, որ այդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է։ Սա ոչ միայն նշան է՝ ժողովրդին տրված բարենպաստ հնարավորության, այլեւ՝ մեզ վրա դրված պատասխանատվության մասին է խոսում։ Մենք պետք է մեր շուրջը համախմբենք հնարավոր բոլոր առողջ ուժերին՝ ոչ թե «Նիկոլ հեռացիր» լոզունգով, այլ նոր իրավական հիմքեր կառուցելու համար։
Այո, սա կարող է լինել քաղաքակրթական ներդրում։ Քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու մի գործընթացի, որն ուղղված է իրավահավասարության, նոր Սահմանադրության հաստատմանն ու հանրային համակարգի վերափոխմանը։ Եթե ինձ միանան ոչ թե 15, այլ 30 իրական ուժեր, մենք կկարողանանք շատ կարճ ժամանակում նախաձեռնել կառուցողական գործընթաց՝ տրամաբանական լուծումների միջոցով։
Նոր Սահմանադրության նախագիծը կդրվի շրջանառության մեջ, եւ դրա ընդունումից հետո մենք կկարողանանք վերակառուցել պետական ամբողջ համակարգը։ Բայց, ցավոք սրտի, այսօր ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք տառապում են իշխանատենչությամբ կամ զբաղված են երկրորդական հարցերով։ Եթե նրանք այսօրվա պայմաններում դառնան իշխանություն, դա կնշանակի, որ իրավիճակը չեն հասկացել։ Իսկ նման պայմաններում իշխանության գալը ոչ միայն վտանգավոր է, այլեւ՝ ճակատագրական սխալ։ Մենք խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում, բոլորի հետ։ Ուստի՝ միայն խելացի, նպատակային, պատասխանատու եւ միասնական մոտեցումը կարող է բերել իրական փոփոխություն։

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

— Իսկ ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենթի գործընթացի անհրաժեշտության մասին։ Դուք` որպես երկարամյա քաղաքական գործիչ, որքանո՞վ եք իրատեսական համարում նման զարգացումը, եւ արդյո՞ք նման քայլը կարող է երկրում հանգեցնել դրական փոփոխությունների։

— Իմպիչմենթի գաղափարը կարելի է համարել քաղաքական դաշտում բնականոն դրսեւորում. մարդիկ անում են այն, ինչ իրենք կարող են անել՝ ըստ իրենց պատկերացումների։ Բայց պետք է հասկանալ, որ նման քայլը, որպես դժգոհության դրսեւորում, ինքնին դեռ չի նշանակում հիմնավոր փոփոխություն։
Բոլոր նրանք, ովքեր չեն գիտակցում, որ մեր ազգային աղետները սկսվեցին սահմանադրական փոփոխություններից կամ չեն հասկանում միջազգային իրավիճակի բարդությունը, պարզապես բաց են թողնում էական բաները։ Գլխավոր գործիքը երկրի ներսում մնում է Սահմանադրությունը։
Երբ որեւէ քաղաքական ուժ ընտրում է խորհրդարանական մեծամասնություն, նա ստանում է նաեւ իշխանության վերահսկողության լծակներ։ Այդ դեպքում վարչապետը պետք է վերահսկվի հենց այդ ուժի կողմից։ Այսինքն՝ կան տարրական մեխանիզմներ, որոնք պետք է նկատի ունենալ։
Ոմանք կարծում են, թե այդ ամենը կարելի է անտեսել կամ շրջանցել։ Սակայն հենց այստեղից են սկսվում բացատրական գործընթացներն ու սահմանադրական անհամապատասխանությունները։ Մենք հանդիպումներ ենք ունեցել եւ արձանագրել, որ այդ ամենը չի հակադրվում Սահմանադրությանը։ Բայց իրենք էլ հաճախ ասում են. «Գիտեք, եթե միասին աշխատենք այս ուղղությամբ, արդյունք կունենանք»։ Այսինքն՝ նրանք էլ ընդունում են, որ Սահմանադրությունը պետք է դիտարկել ոչ թե որպես երկրորդական փաստաթուղթ, այլ որպես առաջնային քաղաքական ու իրավական հենք։
Մենք համարում ենք, որ կարեւոր է արձանագրել ոչ թե տեսական գնահատականները, այլ կոնկրետ իրողությունները։

— Որպես անկախության պայքարի խորհրդանիշ եւ նախկին քաղբանտարկյալ՝ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա պնդումները, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական հետապնդումներ։

— Աշխարհում քաղբանտարկյալի ընդունված ձեւակերպում կա. երբ մարդը որեւէ գործողություն է կատարում եւ այդ գործողության հետեւանքով հայտնվում է անազատության մեջ՝ քաղաքական հիմքերով, նրան համարում են քաղբանտարկյալ։ Այսինքն, եթե կան մարդիկ, որոնց ազատազրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, ապա որեւէ հարց չի կարող լինել՝ նրանք քաղբանտարկյալներ են, թե՝ ոչ։
Իհարկե, գոյություն ունի նաեւ մի նրբություն. երբ պետությունը կալանավորում է անձանց՝ ելնելով որոշ նկատառումներից, անկախ դրանց բնույթից, այդ մարդիկ, միեւնույնն է, կարող են համարվել քաղաքական հետապնդման զոհ։ Այս հարցի շուրջ վերջին շրջանում քննարկումներ են եղել, եւ, օրինակ, որոշում կայացվեց Սամվել Կարապետյանի ազատության պահանջով քայլերթ կազմակերպել։ Այդ շարժումը, իմ համոզմամբ, պետք է առաջնորդեն փորձառու մարդիկ։ Պետք է բարձրացնել ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլեւ բոլոր նմանատիպ դեպքերի հարցը։ Խափանման միջոցը՝ կալանքը, ամենածանր խափանման միջոցն է, եւ այն կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ մարդը պատրաստվում է խոչընդոտել քննությանը կամ փախչել։
Ես հույս ունեմ եւ ճիշտ եմ համարում, որ եթե մարդը կալանավորված է միայն իր քաղաքական հայտարարությունների համար, ապա նրան պետք է համարել քաղբանտարկյալ։ Մենք չպետք է վախենանք նման մարդկանց քաղաքական գնահատական տալուց, եթե նրանք իրականում ենթարկվում են հետապնդման։ Իսկ եթե այդ մարդը, ասենք, հոգեւորական է կամ ակտիվ քաղաքացի, որը հրապարակավ արտահայտում է իր տեսակետները, ապա նրան բանտ նստեցնելը անընդունելի է։
Ինքս Սամվել Կարապետյանի հետ անձնական կապ չունեմ, բայց եթե նա կալանավորված է միայն իր քաղաքական բնույթի հայտարարությունների համար, ապա սա խորը խնդիր է։ Նույնը վերաբերում է նաեւ մյուսներին։ Դա ամոթ է մեզ համար՝ որպես հասարակություն։ Այլ բան է, եթե ընթանում է նախաքննություն կամ դատավարություն, եւ այդ ընթացքում որոշվում է խափանման միջոց ընտրել։ Բայց եթե դատավարությունը նույնիսկ չի սկսվել, ապա ինչո՞ւ մարդուն կալանավորել։
Ես այս հարցում ունեմ սկզբունքային դիրքորոշում. պետք է հնարավորինս պաշտպանել մարդու իրավունքները, եւ խափանման միջոցի՝ հատկապես կալանքի կիրառումը պետք է լինեն բացառիկ դեպքերում, երբ անձը ինքն է դրդում դրան։ Կրկնում եմ՝ խոսքս վերաբերում է բացառապես խափանման միջոցին։
Այս թեմայով դեռ կարելի է շատ խոսել, բայց քանի որ գործերի մանրամասներին ամբողջությամբ ծանոթ չեմ, կցանկանայի այս պահին սահմանափակվել ընդհանրական մոտեցմամբ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Leave a Comment