Ստի ոտքը կարճ է, հո զոռով չի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ


Զարմանք

Ժամանակին առիթ ունեցել ենք անդրադառնալու «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ զրպարտչական հայտարարություններին՝ Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի եւ եկեղեցականների հասցեին: Բայց նա անուղղելի է: Հիմա էլ նա հայտարարել է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Վեհափառ հայրապետը մերժել է իր եւ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիմումն առ այն, որ Կ․ Պոլսի հայոց Պատրիարքի միջնորդությամբ, Նորին Սրբությունը աջակցի գերների վերադարձման հարցում: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարագի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը News.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է. «Բաբաջանյանը հերթական կեղծիքն է հրապարակել գերիների վերադարձման շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Անդրանիկ Քոչարյանի մի հանդիպման առնչությամբ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Իրողությանը ծանոթանալու համար բավարար է դիտել այդ հանդիպման առնչությամբ Անդրանիկ Քոչարյանի ժամանակին արված մեկնաբանությունը»: Իսկ ի՞նչ է ասել Ա. Քոչարյանը: «Կաթողիկոսի մոտ եմ գնացել գերիների հարցով, առաջարկ եմ արել, չմերժեց»,- նշել է նա: Ի գիտություն հայտնենք, որ Վեհափառ Հայրապետի միջնորդությամբ Հունգարիայի կառավարության նախաձեռնությամբ 2021թ. հինգ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք, որոնց դիմավորման արարողությանը Հունգարիայի կառավարության պահանջով ներկա է եղել Մայր Աթոռի ներկայացուցիչ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն ավելացնել՝ ստի ոտքը կարճ է, հո զոռով չի:

Վերջին օրերին ՀՅԴԱԿԱՆՆԵՐԻ դեմ իրականացվող ռեպրեսիաները ոչ միայն զարմանալի, այլև զավեշտալի բնույթ են ստացել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է դեպքերի հաջորդականությունը. ուրբաթ օրը, ահաբեկչության կասկածանքով, մեծ շուով ձերբակալվում են յոթ անձի՝ հրապարակելով նռնակի լուսանկար։ ՔՊ-ն սկսում է խոսել ՀՅԴ-ն փակելու մասին։ Սակայն հաջորդ օրերին հինգին՝ առանց մեղադրանք առաջադրելու, ազատ են արձակվում՝ ապօրինի 72 ժամ անազատությունից հետո։ Իսկ 18-ամյա Անդրանիկին, որի մոտ եղել են բացառապես օրինական սթրայքբոլ խաղալիքներ, առաջադրվում է ահաբեկչության կազմակերպման մեղադրանք ու կալանավորվում է երկու ամսով։ Մյուս ձերբակալվածը, որի տանը գտնվել է մեկ նռնակ, նույնպես կալանավորվել է, սակայն նրան մեղսագրվում է միայն նռնակ պահելը, ոչ թե` ահաբեկչություն։ Վարդանյանը նաեւ նշում է, որ ձերբակալվածների թվում է եղել մի անձ, որին քննչականը ներկայացրել է որպես ՀՅԴ անդամ, սակայն պարզվել է, որ նա ոչ միայն կապ չունի կուսակցության հետ, այլեւ նույնիսկ չգիտեր՝ ինչ է սթրայքբոլը։ Այս ամենը, ըստ Վարդանյանի, տեղի է ունեցել հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրը՝ ստեղծելով բացահայտ աբսուրդային իրավիճակ։

Ոչ պակաս աբսուրդ է այն, ինչ հայտարարել է ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը մոտենում է ավարտին։ «Մենք եւս մեկ հարց լուծեցինք, նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը։ Ըստ երեւույթին, դա մոտ է ավարտին։ Հաջող ավարտին»,- ընդգծել է նա: Իսկ թե որն է, ըստ Միացյալ Նահանգների, «հաջող ավարտը», փակագծեր է բացել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը: «Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային միջանցքը», – շեշտել է նա: Ի՞նչ ասես, ախր, շատ սուվերեն ու ինքնիշխանն է Նիկոլստան դարձած Հայաստանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Leave a Comment