Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել զինաթափել շիական «Հեզբոլլահ» շարժումը:
«Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ը, պետք է իրենց զենքը հանձնեն լիբանանյան բանակին»,- Աունի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նման քայլը կնպաստի Լիբանանի ողջ տարածքում ազգային ինքնիշխանության վերականգնմանը: Աունը նաև ասել է, որ լիբանանյան բանակը «միակ ուժն է, որը կարող է երաշխավորել կայունություն, միասնություն և պաշտպանել սահմանները»: Նախագահը նաև հույս է հայտնել, որ բարեկամ պետությունները կշարունակեն աջակցել լիբանանյան բանակին, որը տարեկան 1 մլրդ դոլարի օգնության կարիք ունի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը լիբանանյան իշխանությունների վրա՝ պահանջելով, որ նրանք արագորեն ընդունեն «Հեզբոլլահ»-ին զինաթափելու պաշտոնական որոշում՝ նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելը:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ առանց լիբանանյան կառավարության համապատասխան հրապարակային պարտավորության, Միացյալ Նահանգները այլևս չի ուղարկի իր դեսպան Թոմ Բարաքին Բեյրութ՝ բանակցությունների համար, և չի ճնշի Իսրայելին՝ դադարեցնելու ավիահարվածները կամ զորքերը դուրս բերելու հարավային Լիբանանից:
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հուլիսի 30-ին մերժել էր շարժման զինաթափման կոչերը՝ ասելով, որ նման կոչերը միայն Իսրայելին են օգուտ տալիս: «Նրանք, ովքեր զինաթափման կոչ են անում, ազգային, համաշխարհային կամ արաբական մակարդակով, ծառայում են իսրայելական նախագծին», – ասել է Քասեմը:
