Խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ. Arca

Arca վճարային համակարգում խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ, ասված է ընկերության պարզաբանման մեջ:

«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել», – վստահեցրել են «Արմենիան Քարդ» ընկերությունից։

Հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը, ըստ Arca-ի, առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով:

«2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է Ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ Ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։

Խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն», – նշված է հաղորդագրության մեջ։

«Արմենիան Քարդ» ընկերությունը ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է: 

Ընկերությունից հավելել են, որ որպես կանխարգելիչ միջոցառում ընթացիկ տարում ավարտում են տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։ 

«Ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը:

Բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկին, համակարգի անդամ առևտրային բանկերին և միջազգային վճարային համակարգերին, տեղեկատվություն է տրամադրվել ինչպես խափանման ընթացքում, այնպես էլ դրա վերացումից անմիջապես հետո՝ սահմանված համապատասխան հաղորդակցման ուղիներով», – հավաստիացրել են Arca-ից:

Leave a Comment