Սևով սպիտակին գրված է՝ կոնֆլիկտն ավարտված է, ճանաչվում է միմյանց տարածքային ամբողջականությունը. Ռուբինյան


«Համաձայնագրում սևով սպիտակին գրված է՝ կոնֆլիկտն ավարտված է և կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին ԽՍՀՄ տարածքում հաստատված սահմաններով՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան: Սա նշանակում է՝ վերջ, կոնֆլիկտն ավարտվել է և եկել է խաղաղություն»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում կնքված խաղաղության մասին համաձայնագիրը և անդրադառնալով դրա շուրջ շահարկումներին ու քննադատությունների ալիքին:

Նա նշել է, որ համաձայնագրի նախնական կետերը, քննարկումներն ու նախնական մեկնաբանություններն արդեն իսկ խեղաթյուրված են շահարկվել տարբեր շրջանակների, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտի կողմից:

Ըստ Ռուբինյանի՝ միջանցքի և ճանապարհի մասին թեմաները ևս խեղաթյուրվել են:

«Ճանապարհի հարց Հայաստանի օրակարգում միշտ է եղել, այն օրակարգում կա արդեն ավելի քան 30 տարի՝ անկախ նրանից՝ ԼՂ-ն ու Լաչինը կան, թե՝ չկան:

Գոյություն ունի ապաշրջափակման հարց, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը փակ է եղել 30 տարուց ավելի, 93 թվականից սկսած՝ Հայաստանի ճանապարհը փակ է եղել Թուրքիայի հետ ևս: Հայաստանը, փաստացի, բլոկավորված է եղել: Արդյո՞ք Հայաստանը երբևէ ասել է, թե Հայաստանը դեմ է և հրաժարվում է Ադրբեջանին տրանսպորտային կապ տրամադրել Նախիջևանի հետ կապելու համար:

Ավելին՝ Հայաստանը ոչ միայն ասել է, որ չի հրաժարվում, այլ ասել է, որ պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանի փակ բոլոր ճանապարհները՝ փոխադարձության և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության սկզբունքով»,- նշել է Ռուբինյանը՝ անդրադառնալով «միջանցքի» և «ճանապարհ տալու» մասին պնդումներին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: 

 Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

777 դիտում

Leave a Comment