Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը


Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։

Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով:

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժության հիմնական նպատակներն են՝

խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում,

կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում,

ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

174 դիտում

Leave a Comment