2022 թվականից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողություններից հետո, գտնվեցին ազգությամբ ռուս քաղաքացիներ, որոնք փորձեցին ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս համատեքստում, թե ինչ մարտահրավերների են բախվել ՌԴ քաղաքացիներն ու ազգությամբ ռուս անձինք՝ Հայաստան տեղափոխվելուց հետո, եւ ինչ խնդիրներ են առաջ եկել իրավական դաշտում, մանրամասնում է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ։
— Որոնք էին այն հիմնական իրավական եւ սոցիալական խնդիրները, որոնց բախվեցին Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն ու ազգությամբ ռուս անձինք, եւ որոնց հարցերով Դուք անձամբ եք զբաղվել՝ որպես փաստաբան։
— Հատկապես 2022-2023թթ․, երբ ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ էր, նրանք, բնակություն հաստատելով այստեղ, բախվեցին մի շարք սոցիալական, իրավական եւ այլ խնդիրների։
Նախ եւ առաջ, մեծաքանակ անձանց ներհոսքը քաոս առաջացրեց անշարժ գույքի վարձակալության շուկայում, եւ բացի գների կտրուկ աճը, առաջացան նաեւ վարձակալության ձեւակերպման մի շարք իրավական խնդիրներ։ ՌԴ քաղաքացիները եւ ազգությամբ ռուս անձինք, չտիրապետելով ՀՀ օրենսդրությանը եւ հայոց լեզվին, սկսեցին բախվել վարձակալության պայմանագրերին առնչվող խնդրիների։ Մասնավորապես, շատ էին դեպքերը, երբ նշված անձինք, կնքելով անշարժ գույքի վարձակալության հասարակ գրավոր պայմանագիր, համոզմունք էին ձեւավորում, որ ստույգ ժամկետով եւ ստույգ գնով վարձակալել են տվյալ անշարժ գույքը։ Մինչդեռ, ՀՀ Օրենսդրությանը համապատասխան, անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, որը վավերացված չէ նոտարի կողմից եւ ՀՀ Կադաստրի կոմիտեում գրանցված չէ՝ առոչինչ է։ Այսինքն, անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, որը կնքված է հասարակ գրավոր ձեւով, իրավաբանական ուժ չունի եւ համարվում է առոչինչ գործարք։
Ըստ այդմ, պայմանագրային բազմաթիվ վեճեր առաջացան, եւ հաշվի առնելով, որ ՀՀ ներգաղթած անձինք հիմնականում չէին տիրապետում հայոց լեզվին, որ բացի իրավաբան վարձելը նաեւ թարգմանիչ պետք է վարձեին՝ նրանց համար առաջացավ անբարենպաստ իրավիճակ։
— Ինչպիսի՞ իրավական կամ գործնական խոչընդոտների են բախվել ռուս ներգաղթյալները Հայաստանի աշխատաշուկայում ինտեգրվելու փորձերի ժամանակ։
— Իսկապես, նույնանման խնդիրներ առաջացան նաեւ աշխատաշուկայում։ ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց որոշ մասը աշխատանքի տեղավորվեցին ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերություններում, հատկապես ծրագրավորման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններում։ Հաշվի առնելով, որ աշխատանքային պայմանագրերը (եթե նույնիսկ պատշաճ կարգով կնքվում էին) կնքվում էին ՀՀ օրենսդրության դրույթներով, ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ եւս առաջացան իրավական վեճեր։
— Բանկային ոլորտում ի՞նչ դժվարություններ են առաջացել ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց համար, հատկապես հաշվի առնելով վերջինների ներհոսքի ծավալները։
— Հաջորդ խնդիրը, որին, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, բախվել են ՌԴ քաղաքացիները եւ ազգությամբ ռուս անձինք՝ բանկային հաշիվների բացումն էր։ Հատկապես 2022-2023թթ․, երբ ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ էր, ՀՀ-ում գործունեություն ծավալող առեւտրային բանկերը տվյալ անձանց համար բանկային հաշիվ բացելու եւ այն սպասաարկելու համար սկսեցին մի շարք խնդիրներ ստեղծել։ Մասնավորապես, պահանջվում էր բանկ ներկայացնել մի շարք փաստաթղթեր՝ հիմնական բնակության վայր համարվող անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, ՀՀ-ում կնքված աշխատանքային պայմանագիր եւ այլն։ Բացի այդ, առեւտրային բանկերը իրենց իրավունք էին վերապահում ներքին ստուգում իրականացնել եւ գնահատել հնարավոր ռիսկերը, ինչը, սակայն, բացառապես կամայական բնույթ էր կրում եւ չէր կարգավորվում որեւէ չափորոշիչներով։ Այսինքն, առեւտրային բանկերն իրենց սուբյեկտիվ ընկալմամբ էին որոշում, թե արդյոք արժե բացել բանկային հաշիվ ու սպասարկել այն, թե՝ ոչ։ Ընդ որում, եթե նույնիսկ առեւտրային բանկերը դրական եզրակացություն էին տալիս եւ, ի վերջո, բացում էին բանկային հաշիվը, այդ գործընթացը տեւում էր շաբաթներ, մինչդեռ ՀՀ քաղաքացիների համար նույն գործընթացը տեւում է րոպեներ։
— Ընդհանուր գնահատմամբ՝ որքանո՞վ է Հայաստանի իրավական եւ սոցիալական միջավայրը հարմար ներգաղթած օտարերկրյա քաղաքացիների համար, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիների:
— Ընդհանուր առմամբ, ըստ իմ դիտարկումների, ՌԴ քաղաքացիների եւ ազգությամբ ռուս անձանց համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելն իրավական եւ սոցիալական առումով այդքան էլ բարենպաստ չէ՝ համեմատելով իրավական եւ սոցիալական միջավայրը ԱՊՀ այլ երկրների հետ: Հայաստանի Հանրապետությունն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք պատճառներով, ներկայումս լիարժեք պատրաստ չէ օտարերկրյա քաղաքացիների ներգաղթին եւ ինտեգրմանը։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ