«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ընտրությունների շեմին քաղաքական բևեռները սկսում են առավել հստակվել: Մի կողմում, բնականաբար, իշխանական ուժն է լինելու` գումարած սատելիտների առկա ու ձևավորվող «միավորները»: Հատկապես վերջիններս մի քանի ամիս է՝ դիրքավորվում են որպես իբր «ընդդիմադիր», բայց ակնհայտ է, որ իշխանությունների թելն են թելում ու թելելու են:
Մյուս կողմում, բնականաբար, ընդդիմադիր ուժերն են: Այստեղ ամենախոշոր ընդդիմադիր ուժն, ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին: Խորհրդարանական ընդդիմության երկրորդ ուժը, ինչպես օրերս նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասով դեռևս որոշում չունի: Առաջիկայում, հասկանալի է, կլինեն նոր հայտեր, առավել հստակ կդառնան «ակտորների» քանակն ու մոտեցումները:
Գլխավոր հայտ ներկայացնողներից ու դերակատարներից մեկը հավակնում է դառնալ քաղաքական բանտարկյալ, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը, որի շնորհանդեսը կայացավ երեկ, և որը, ինչպես հայտարարվեց, առաջիկայում դառնալու է կուսակցություն: Կարելի է չկասկածել, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբումը դառնալու է ազդեցիկ ուժ, ինչի մասին հուշում են վերջին շրջանում արձանագրված հրապարակային հավաքներն ու դրանց բազմամարդությունը:
Վերադառնանք երեկվա շնորհանդեսին: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այն ներկա փուլում լինելու է կամավորական շարժում: Նրա խոսքով, այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությունը, համախմբել մարդկանց լավ, մեծ և բարի գործեր անելու համար:
«Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է՝ մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի: …Նշանակո՞ւմ է, արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ո՛չ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց գործունեության երկրորդ փուլում պատրաստվում են իրենց մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։
«Վստահ լինելով, որ գալիք քաղաքական և ընտրական գործընթացներում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին, այս շարժման օգնությամբ մենք ջանում ենք միավորել ազգային ներուժը և ձևավորել այնպիսի Հայաստանի տեսլական, որը հնարավոր կլինի ընդամենը 5-6 տարում իրականություն դարձնել։ Դա լինելու է մեր իրական երազած Հայաստանը, որը կրկին աշխարհի բոլոր հայերի հարազատ տունը կլինի՝ բարեկեցիկ, երջանիկ և պաշտպանված»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում