Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 622 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1500-ը, հայտնել է երկրի թալիբների կողմից ղեկավարվող ներքին գործերի նախարարության խոսնակը, փոխանցել է Skynews-ը:
Մայրաքաղաք Քաբուլի առողջապահական մարմինները հայտարարել են, որ թվերը կարող են փոխվել, քանի որ հեռավոր շրջաններում աշխատանքները շարունակվում են։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Կունար նահանգում՝ Պակիստանի սահմանի մոտ, կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 23:47-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադի մոտակայքում՝ Նանգարհար նահանգում, 14 կմ խորության վրա։
Երկիրը հակված է մահացու երկրաշարժերի, մասնավորապես Հինդուկուշ լեռնաշղթայում, որտեղ հանդիպում են Հնդկական և Եվրասիական տեկտոնական սալերը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում տեղի էր ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ և ուժեղ հետցնցումներ, որից զոհվել էր առնվազն 4000 մարդ։ Դա համարվում է վերջին տարիներին Աֆղանստանին հարվածած ամենամահացու բնական աղետը։
