«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, օրերս քննարկումների և քննադատության առիթ է հանդիսացել այն, որ աղմկահարույց քրեական գործերով իրավապահ մարմինների ղեկավարները Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնում են գործի մանրամասներ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության առիթով նախօրեին հարցազրույց էր տալիս Քննչական կոմիտեի նախագահը։ Ի՞նչ գնահատական կտաք այդ հարցազրույցին։
– Քննչական մարմինների գործունեության թափանցիկությունը ես կարևորում եմ այնքանով, որքանով դա քննությանը չի խանգարի, բայց ես սկզբունքորեն դեմ եմ ու դեմոկրատական երկրի հատկանիշ չեմ համարում, երբ աղմկահարույց ինչ-որ իրադարձությունից հետո Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնվում է էկրաններին ու հնչեցնում է կարծիք, որը վերդիկտի է նմանվում:
Նույն այս Մերձավանի դեպքը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, այսինքն՝ ես չեմ կարծում, որ բոլոր վարկածները հերքվել են, մի վարկածն այնքան համոզիչ է, որ դա պետք է մեզ վերդիկտի ձևով ներկայացնեն ու փորձեն համապատասխան քարոզչական ֆոն ստեղծել, որովհետև, ի վերջո, քննությունը սկզբնական փուլում է, և եթե ՔԿ ղեկավարն ինչ-որ կարծիք է հաստատուն արտահայտում, ապա եթե դա հեռուստադիտողների վրա քարոզչության էֆեկտ է թողնում, ապա քննիչների վրա՝ ցուցումի:
Ես անաչառ գնահատականների անհրաժեշտություն եմ տեսնում, այլ ոչ թե կանխորոշման: Կոնկրետ այդ հարցազրույցը ընդամենը իշխանության ամբողջ քարոզչական ֆոնի մի բաղադրիչն է: Իշխանությունն իր պատասխանատվությունը սրբագրելու նպատակով, որպեսզի բացառեն իշխանության առջև քաղաքական պատասխանատվության խնդրի բարձրացումը, փորձում են սա ներկայացնել հետևյալ կերպ՝ ի՞նչ աներ իշխանությունը, եթե գործ ունենք վենդետայի կամ անձնական վրեժխնդրության հետ:
Միանգամից ասեմ, որ իրենք լավ ճանապարհ չեն ընտրել, որովհետև եթե նույնիսկ ընդունեք, որ գլխավորը վենդետայի վարկածն է, ապա այս պարագայում իշխանության պատասխանատվությունը որևէ տեղ չի փախչում, շատ ավելի վատ: Եթե դուք այդքան օպերատիվ կապ գտաք Մերձավանի փետրվարյան ու այս կրակոցների միջև, ապա ինչո՞վ էիք զբաղված բոլորով անցած ամիսների ընթացքում: Ինչո՞ւ է իրավապահ համակարգը տապալել կանխարգելիչ ֆունկցիան։ Ինձ համար ակնհայտ է, որ ՆԳ նախարարն ու Ոստիկանության ղեկավարը իրենց տեղում չեն, հակառակ պարագայում երկրում չորս օրվա մեջ չորս սպանության դեպք չէր գրանցվի։
Երկրորդը՝ ակնհայտ է, որ երբ իրավապահ մարմինները դառնում են սպասարկու գործիք քաղաքական իշխանության ձեռքին, չեն կարողանում իրենց բուն գործառույթն իրականացնել, հետևաբար քրեածին լծակի ծաղկումը պետք է լիներ: Երրորդ՝ իշխանություն ներթափանցած դիլետանտիզմը տարածվել է նաև շատ նուրբ ինստիտուտների վրա, ինչպիսիք են իրավապահ մարմինները, ինչն էլ բերել է ոչ կոմպետենտության շեշտակի բարձրացմանը ու, որպես հետևանք, նրան, որ իրավապահ մարմինները այդ երկու գործոնի համադրմամբ չեն կարողանոում կատարել իրենց առաքելությունը:
– Կարծիքներ են հնչում, որ նման հարցազրույցները, իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, կարող են տեղի ունենալ վարչապետ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է։
– Սովորաբար դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև ամբողջ աշխարհում, ուժային կառույցների ղեկավարները, իրավապահ մարմինների ղեկավարները սակավախոս են, նրանց գործի բնույթն է այդպիսին: Այս պարագայում, եթե այդ ինստիտուտներից մեկի ղեկավարը «շատախոս է դառնում», ապա հարյուր տոկոս վստահությամբ կարելի է պնդել, որ իշխանության առաջին դեմքի ցուցումի հետևանք է:
– Ի՞նչ նպատակով:
– Իբր վրեժխնդրության վարկածն առաջ տանելով՝ փորձում են այս միջադեպի քաղաքական պատասխանատվության հարցը ցրել: Սա շատ կարճամիտ մտածողություն է, որովհետև անգամ այդ պարագայում պետության պատասխանատվությունը չի վերանում, պետությունը սուրբ առաքելություն ունի պաշտպանելու մարդկանց կյանքն ու գույքը: Անկախ մոտիվներից՝ այս չորս սպանության պարագայում ակնհայտ է, որ պետությունը չի կարողացել ապահովել քաղաքացիների կյանքը:
Ես զարմանում եմ, իրենք կարծում են, որ վենդետայի այս կարգի խրախուսումը, ակամայից նման տպավորություն է ստեղծվում, իրենց ազատո՞ւմ է պատասխանատվությունից: Կամ չե՞ն մտածում, որ երբ անուղղակիորեն աջակցության տակ են վերցնում վենդետայի վարկածը, արդյոք իրենք բումերանգի էֆեկտ չե՞ն ստեղծում: Շատ վտանգավոր բանով են իրենք զբաղված, ինչ է թե մի հանցագործության քաղաքական պատասխանատվությունը իրենց ձեռքերից լվանան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am