Կատարը հայտնել է, որ Թուրքիան կմասնակցի ՀԱՄԱՍ-ի հետ հանդիպմանը՝ Գազայի միջնորդական ծրագրի շուրջ

Կատարը հայտարարել է, որ այսօր կկայանա հանդիպում՝ Թուրքիայի և ՀԱՄԱՍ-ի  հետ Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը քննարկելու համար, գրում է Daily Sabah-ը։

«(ՀԱՄԱՍ-ի) բանակցային պատվիրակությունը խոստացել է այն պատասխանատու կերպով ուսումնասիրել», – մամուլի ասուլիսում հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին՝ հավելելով․

«Այսօր նաև մեկ այլ հանդիպում կլինի բանակցող պատվիրակության հետ, որին կմասնակցի նաև թուրքական կողմը»։

Միաժամանակ,  թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իբրահիմ Քալընը մեկնել է Կատար։

Երկուշաբթի օրը Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել էր  20 կետից բաղկացած ծրագիր՝ Իսրայելի կողմից Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։

Ծրագրով նախատեսվում է ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին տասնյակ պաղեստինցի բանտարկյալների դիմաց, ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում և տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեի ստեղծում՝ անկլավը կառավարելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին ողջունել է Թրամփի ծրագիրը։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու առաջնորդությունը՝ ուղղված Գազայում արյունահեղությունը դադարեցնելուն և հրադադարի հասնելուն։ Թուրքիան կշարունակի նպաստել գործընթացին՝ բոլոր կողմերի համար ընդունելի արդար և երկարատև խաղաղության հաստատման նպատակով»,- X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է  Էրդողանը։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով Գազայում սպանվել է ավելի քան 66,000 պաղեստինցի, մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Անդադար ռմբակոծությունների հետևանքով անկլավը դարձել է ավերակ՝ հանգեցնելով սովի և հիվանդությունների տարածման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment