Թուրքիայի Անվտանգության խորհուրդը աջակցություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, այլ հարցերի շարքում, քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նախագահությամբ անցկացված նիստից հետո խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին և ընդգծել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»։

Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։

Leave a Comment