«Կիբերանվտանգության մասին» օրենքը շատ կարևոր օրենք է և շատ ուշացած, սա պետք է տարիներ առաջ ընդունած լինեինք, համակարգը պետք է ստեղծվեր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավոր ու պետական պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն Հայաստանի Հանրապետության մասնավոր կառույցները ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից։ Պետք է մեր մասնագետները նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր գիտությունէ, նոր մտքեր, նոր ճկունություն է պետք։ Պետք է մեր մասնագետները կարողանան այդ նոր գործիքներին տիրապետեն, կարողանան դրա դեմն առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն»,–ասաց նա։
Պատգմավորի խոսքով, եթե մենք կարողանանք այս համակարգը ստեղծել, դա կդիտվի, որ Հայաստանը այդ հարթակը ունի, միգուցե այլ պետությունների էլ կարողանանք օգնել, որովհետև այդ գործիքները միշտ նման են լինում։
«Սա պետք է ինստիտուցիոնալ կառույց լինի, Հայաստանի Հանրապետության գործող կառույցները բոլորը պետք է պաշտպանված լինեն, և այդ խմբերը թե մասնավոր, թե պետական պետք է 24 ժամ աշխատեն, որպեսզի այդ կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանեն։ ՀՀ քաղաքացիների տվյալները պետք է պաշտպանված լինեն, և ես կարծում եմ, մենք կադրերի խնդիր էլ ենք ունենալու։ Սա անընդմեջ մեզ պետք եկող մասնագետների ինստիտուտ է, հարթակ է, հիմիկվանից պետք է մտածենք, մինչև անգամ մեր բուհերում այդ հատվածով մասնագետներ պատրաստեն, որպեսզի այդ մասնագետները լինեն լավագույնը։ Նախկինում Հայաստանից հեռացած այլ երկրներում աշխատող մասնագետներ ունենք, նրանց հետ էլ պետք է խորհրդակցեն, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանի իր կրիտիկական ենթակառուցվածքները, որովհետև դրա տված վնասը շատ մեծ կլինի»,– ընդգծեց Սուքիասյանը։