Գաբրիել Չեմբերջյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հրաժարվում է վերացնել. Աշոտ Սիմոնյան

Հայաստանի իրավական համակարգում հատուկ ուշադրության է արժանի ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանի գործը, որի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, չի վերացվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից, չնայած այն փաստին, որ երեք դատական ատյաններն արդեն իսկ ճանաչել են այդ արգելքի ոչ իրավաչափ լինելը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հրաժարումը կատարել դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները խորապես անհանգստացնող նախադեպ է ստեղծում ՀՀ իրավական համակարգում։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցելու է Գաբրիել Չեմբերջյանի պաշտպանական խմբի անդամ, «Սիմոնյան ընդ փարթներս» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Աշոտ Սիմոնյանի հետ։

Քրեական վարույթի շրջանակում Գաբրիել Չեմբերջյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը եռաստիճան դատական համակարգի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը արդեն տաս օր է հրաժարվում է վերացնել այդ խափանման միջոցը։

 

 «Արդեն շուրջ 10-11 ամիս է, ինչ պարոն Չեմբերջյանի նկատմամբ նրա մասնակցությամբ որևէ քննչական, դատավարական, վարույթային գործողություն չի կատարվել, և մեզ մոտ արդեն հիմնավոր տպավորություն էր ստեղծվում, որ պարզապես ինքնանպատակ կերպով սահմանահատումների արգելք է դրված, ուստի մեր բողոքում տեղ են գտել հիմնավորումներ այն մասին, որ պարոն Չեմբերջանը և բիզնես գործունեության, և առողջական նպատակներով անհապաղ կարիք ունի երկրից մեկնելու։ Բողոքը հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվել է և բավարարվել է, ընդ որում գրավորից անցում է կատարվել բանավոր քննության, և բողոքով կայացված որոշման շրջանակներում դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին կայացնել համապատասխան վարույթային ակտ, այն է վերացնել բացակայելու արգելքը, որոշում կայացնել տվյալ խափանման միջոցի վերացման մասին, սակայն ի զարմանս մեզ նախաքննական մարմինը որոշել է այլ ուղղությամբ գնալ և որպես հիմնավորում բերել է ընդամենը այն հանգամանքը որ տվյալ կայացված դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյանում, մինչդեռ գործող քրեադատավարական կարգավորումներով տվյալ որոշման կայացումից անմիջապես հետո Քննիչը պետք է ստանալոն պես տվյալ որոշումը՝ որոշում կայացնել բացակայելու արգելքը վերացնելու մասին»,- նշում է Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ կայացված որոշման չկատարումը ողջամիտ բացատրություն չունի։ Նախաքննական մարմինը գործող օրենսդրական կարգավորումը կիրառում է ըստ պատեհության և ըստ նախաքննական մարմնի հայեցողության, ինչը անթույլատրելի է։

«Մեր բողոքի հիմքում դրվել է փաստացի քննիչի անգործություն Նաև մենք անդրադարձ ենք արել ոչ պակաս էական խնդիրների, պարոն Չեմբերջյանի առողջական վիճակին վերաբերող հարցերին ըստ որոնց նա անհետաձգելի զննության կարիք ուներ և մինչ այժմ ունի, բացի այդ մենք հասկանում ենք, որ գործարար անձը, եթե ըստ էության գործունեություն է ծավալում երկրից դուրս, միանշանակ է, որ շատ հաճախ կարևորագույն որոշումների կայացման հարցում անհրաժեշտ է նրա մասնակցությունը, և ցավով արձանագրում եմ, որ որ նախաքննական մարմինը այս ամենը դիտարկել է ընդամենը որպես քննությունից խուսափելու միջոց և դատախազությունն էլ ըստ էության բողոքին ի պատասխան ներկայացնում է դիրքորոշում այն, թե պարոն Չեմբերջյանը կարող է օրինակ գնալ Հայաստանից և չվերադառնալ, ինչը ամենևին տրամաբանական չի հաշվի առնելով հայրենիքի հետ նրա կապը, հաշվի առնելով, որ ինքն է ժամանակին դրսում ծնված, մեծացած լինելուց հետո վերադարձել Հայաստան, այստեղ ներդրումներ, բարեգործություններ կատարել»,- տեղեկացնում է Սիմոնյանը ։

Պաշտպանական խումբը դիմել է  մարդու իրավունքների պաշտպանին և վերադաս դատախազին խնդրանքով, որ վերջինս հետևողական լինի դատարանի որոշման ի կատար ածման հարցում, քանի որ դատական ակտի չկատարումը ևս նախատեսված է որպես առանձին հանցակազմ։

Leave a Comment