Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար). Sputnik Արմենիային հայտնել է քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։
«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, բայց ճյուղերը մասնակի մաշված են և ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաև լուսավորությունը՝ լուսափնջերը ու լուսավորող վահանակները, որոնք ժողովուրդը «պուլտեր» է անվանում», – պարզաբանեց Առաքելյանը։