ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում կալանավորվել է Մերձավանում սպանություն կատարած անձը:
«Քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ղ.-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ առնվազն 7 փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից երկուսի ուղղությամբ՝ սպանելով Գ.Օ.-ին և փորձելով սպանել Ս.Բ.-ին:
Նույն ժամանակահատվածում Ա.Ղ.-ն մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ:
Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ա.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նշենք՝ հիշյալ Ա.Ղ.-ն Արմեն Ղազարյանն է, որը Մերձավանում առավել հայտնի է Պզ մականվամբ: Վերջինս կալանավորվել է փետրվարի 25-ին:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:
Հիշեցնենք, որ այս գործով է նաև անցնում և կալանավորվել Է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, Փարաքարի ընտրություններում հաղթած և համայնքապետ դարձած Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:
Հիշեցնենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
205 դիտում