Վերին Լարսում էլեկտրոնային գրանցման նոր համակարգը կթեթեւացնի հերթերը. Կարեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցման կետում կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը, ինչը թույլ կտա բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։ Փոփոխությունը վարորդների համար դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա:

– Փոփոխությունը նախ կհեշտացնի ռուսական կողմի աշխատանքը՝ հերթերից խուսափելու մասով, ու նաև վերահսկողությունն ավելի կուժեղացնի, վիճակագրական ու անալիտիկ վերլուծության հաշվետվություններ կներկայացնեն, ավելի թափանցիկ կդարձնեն սահմանի անցման պրոցեսը: Ժամանակ շատ կունենան նաև, որպեսզի կարողանան տվյալներն ու փաստաթղթերը վերլուծել: Այսինքն՝ այս փոփոխությունը միտված է բիզնես պրոցեսները սահմանին ավելի արագացնելուն, իսկ վարորդներին թույլ կտա, որ էլեկտրոնային այդ հարթակի միջոցով նախապես գրանցվեն, իրենք կարող են նշել իրենց ժամանման օրն ու ժամը, ենթադրենք՝ երկու օր հետո են գալու, իրենք արդեն նախապես տեղեկացնում են, փաստաթղթերը ներբեռնում են, արդեն իսկ սահմանային այդ անցակետում փաստաթղթերը դիտարկում են, ու սահման հասնելիս արդեն այդ մեքենայի վարորդը հնարավորինս քիչ ժամանակ կկորցնի այդտեղ: Եթե այս հարթակն արդյունավետ գործարկվի, ապա, կարծում եմ, որ հերթերի սռաջացման խնդիրը ևս կլուծվի:

– Արդյունավետ գործարկման մասով մտավախություննե՞ր ունեք:

– Չէ, անկեղծ ասած, ուղղակի չեմ բացառում, որ մեկ օրվա վրա կարող են շատ մեքենաներ գրանցված լինել, ու հերթերն այդպիսով միանշանակ չբացառվեն: Համեմատություն անցկացնենք նույն վիզաների կենտրոնների հետ․ երբ մարդիկ ուզում են գրանցվել, համակարգը տալիս է գրանցման համար ինչ-որ օր, իսկ այդ օրը կարող է լինել քո նախատեսածից, ասենք, մեկ ամիս հետո, նույնը կարող է լինել այս դեպքում, ինչն անխուսափելի է: 

Միակ մտահոգությունս սա է, բայց, կարծում եմ, որ նախնական շրջանում կհասկանան այդ հարթակի ծանրաբեռնվածությունը, ըստ որի էլ արդեն ճշգրտող կարգավորումներ կանեն, բայց սա, համենայնդեպս, ավելի արդյունավետ է լինելու, քան գործող մեխանիզմը, ինչն անխուսափելիորեն հերթեր է առաջացնում: 

Այս կարգավորումը, ինչպես արդեն ասացի, գործելու է ՌԴ-ից դուրս եկող մեքենաների վարորդների համար, Հայաստանում դեռևս չկա նման կարգավորում, բայց նաև չկան այնպիսի մեծ հերթեր, ինչպիսիք ռուսական կողմում են լինում: Ընթացքում, կարծում եմ, Հայաստանում սա ևս կկիրառվի: 

Այս փոփոխությունը թույլ է տալու, որ մարդիկ պլանավորեն իրենց բեռնափոխադրումները, ավելի կբարձրանա բիզնես պրոցեսի արդյունավետությունը, սահմանին վերահսկողության արդյունավետությունն ու օպերատիվությունը ևս կբարձրանան, որովհետև մեքենայի ու բեռի մասին նախապես տրված տեղեկությունները արդեն իսկ ստուգված են լինելու: 

– Պարո՛ն Սարգսյան, շատ է խոսվում այն մասին, որ քաղաքական ինչ-ինչ հարցերից ելնելով՝ ռուսական կողմը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղիղ ազդում է տնտեսական հարաբերութունների վրա: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վիճակում են այժմ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները:

– Բնականոն ընթացքով ամեն բան ընթանում է: Ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է, բայց սա այն պատճառով, որ առևտրաշրջանառությունը դիվերսիֆիկացման է ենթարկվել, այսինքն՝ այլ երկրներ են ներառվել ՀՀ գործընկեր երկրների շարքում: 

Հայաստանի մասով կոնկրետ պետք է նշեմ, որ վերաարտահանման ծավալներն են բավականին նվազել, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Այդ գործարքները կան, բայց արդեն կրճատվել են, որովհետև պահանջարկն է նվազել՝ երրորդ երկրներից մուտք գործելու հանգամանքով պայմանավորված: Ռուսաստանից ներկրվող ապրանքների մասով, հիմնականում ոսկին, դրա ծավալը ևս նվազել է, քանի որ շուկան որոշակի ժամանակահատվածում հագենում է: 

Առևտրաշրջանառության կրճատման հիմնական գործոնները սրանք են, այսինքն՝ պատճառներն օբյեկտիվ են, քաղաքական գործոններ այս պահին չեմ նկատում. տնտեսական հարաբերությունները կառուցվում են այնպես, որ ապրանքը գնում է այնտեղ, որտեղ կա դրա պահանջարկը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment