Պայթյունը եղել է շենքի 3-րդ հարկի տներից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, կից մուտքը


Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած աղետալի պայթյունի դեպքից:

Ըստ այդմ՝ ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով․ այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։

Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ 

«Հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ կինոլոգներով։

Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։

Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել ենք, 3 զոհերն էլ կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:

Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:

Առողջապահության նախարարությունից, հիշեցնենք, հայտնել են, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած. նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

278 դիտում

Leave a Comment